Ղազախստանի խորհրդարանի սենատի (վերին պալատ) պատգամավորները լիագումար նիստին հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում դեղերի եւ բուժարտադրանքի շրջանառության կանոնների վերաբերյալ համաձայնագրերին Հայաստանի միացման արձանագրությունների վավերացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:   

«Համաձայնագրերով հաստատվում են ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տարածքում դեղագործական սահմանված պրակտիկաներին համապատասխանող դեղամիջոցների եւ բուժարտադրանքի որակի մենեջմենտի համակարգերի   պահանջներին համապատասխանող բժշկական արտադրանքի  շրջանառության միասնական սկզբունքները եւ կանոնները», - հայտնել են Ղազախստանի Առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարությունից: ԵԱՏՄ-ում դեղերի շրջանառության վերաբերյալ համաձայնագրերը ստորագրվել են 2014-ի դեկտեմբերի 23-ին` Մոսկվայում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:   Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը 2015-ի հոկտեմբերին օրենքներ է ստորագրել դրանց վավերացման վերաբերյալ:   

Գերատեսչությունից ճշտել են, որ միասնական կանոններով գրանցման ընթացակարգ անցնելուց հետո, որի հիմքում Եվրոպական Միության սկզբունքներն ու մոտեցումներն են, դեղամիջոցները եւ բուժարտադրանքը ԵԱՏՄ-ի տարածքում ազատորեն կշրջանառվի: Միաժամանակ «կպահպանվեն ազգային օրենսդրության պահանջները դեղամիջոցի նշման, բժշկական կիրառության հրահանգների ստեղծման, շրջանառության պետական վերահսկողության եւ հսկողության ընթացքում ազգային լեզվի կիրառության վերաբերյալ», նշել են Առողջապահության նախարարությունից: