Լիբանանի խորհրդարանը քվորումի բացակայության պատճառով 40-րդ անգամ չի կարողացել երկրի նոր նախագահ ընտրել: Երկրում «քաղաքական կաթվածը» սկսվել է 2014 թվականին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Նահար» պարբերականի ինտերնետային տարբերակը:
Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրին հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 13-ին: Որպեսզի ընտրությունը կայանա, անհրաժեշտ է առնվազն 86 պատգամավորի ներկայություն:
Երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ է 2014 թվականի մայիսից՝ նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետի ավարտից ի վեր: Լիբանանի Սահմանադրության համաձայն, նախագահ կարող է լինել միայն խորհրդարանի կողմից ընտրված քրիստոնյա-մարոնին: Մարոնիները կաթոլիկ եկեղեցու հետեւորդ են, նրանց մեծ մասը բնակվում է Լիբանանում:
Ներկայում Լիբանանի խորհրդարանը բաժանված է երկու թեւի՝ արեւմտամետ եւ սիրիամետ: Նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուն գեներալ Միշել Աունն է՝ շիաների «Հըզբալլահ» շարժման քաղաքական դաշնակիցը: Նրա թեկնածությունը սատարում է խորհրդարանի սիրիամետ թեւը: Նրա հիմնական մրցակիցն արեւմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցիչ Սամիր ժաժան է, որին սատարում է սուննիների «Ալ Մուսթաքբալ» կուսակցությունը:





























