Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը փարատեց բոլոր մտահոգություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր ձեւաչափ է փնտրում՝ բանակցային գործընթացից հեռացնելով ԵԱՀԿ Մինսկիի խմբի համանախագահներին (նույնիսկ նշեց, որ Ռուսաստանը, իբր, ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացնում): Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ դա ոչ ավելին է, քան անհիմն լուրեր կամ, հնարավոր է, ոչ պրոֆեսիոնալ վերլուծություն:
«Ինչպես գիտեք, հանդիպումը կայացավ: Հիշեցնեմ հայտնի փաստը, որ նման ձեւաչափը նախկինում նույնպես օգտագործվել է կողմերի կողմից՝ զգայուն հարցերը քննարկելու համար: Բնականաբար, պահպանվում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապը, այլեւ սերտ համագործակցությունը համանախագահ երկրների «եռյակի» ներկայացուցիչների հետ: Մենք այդ մասին ասել ենք նաեւ հանդիպումից առաջ: Ինչպես հայտնի է՝ համանախագահ երկրների ներկայացուցիչները տեղեկացվել են, Սանկտ Պետերբուրգում համապատասխան քննարկումներ են կայացել: Հանդիպման ընթացքում այդ հարցին ամենեւին էլ ոչ երկրորդական նշանակություն է տրվել. խոսքը պոստ-ֆակտում տեղեկացնելու մասին չէ, հակառակը, հարցերի մշակումը, համանախագահ երկրներին տեղեկացնելը հանդիպումից շատ առաջ է արվել: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հաղորդագրություն է հրապարակվել, որը հետագայում խմբագրվել է՝ կապված այն հանգամանքի հետ, որ նման գագաթաժողովների մասին տեղեկացնելը Նախարարության իրավասությունը չէ: Այդ հաղորդագրությունում ասված է, որ ՌԴ ԱԳ փոխնախարար Գ.Կարասինը հանդիպել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ, զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում նախանշված հանդիպումը՝ դրա նախապատրաստման ընթացքը, բովանդակությունը եւ այլ հարցեր»,- նշել է Զախարովան:
Նրա խոսքով, ձեւաչափի եւ բովանդակության առումով մենք պահպանում ենք ամբողջ պոտենցիալը, որը կուտակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
«Ինձ թվում է՝ այն, որ կողմերը հրապարակայնորեն կողմ արտահայտվեցին պետերբուրգյան հանդիպմանը, վկայում է նրանց համար տվյալ ձեւաչափի կարեւորության մասին: Հարցն այն է՝ ինչպես անել, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն առաջ ընթանան: Եթե կողմերն իրենք բարձր են գնահատել այդ հանդիպումն ու ներդրված ջանքերը, ապա դա լավագույն ապացույցն է, որ հանդիպումն օգտակար էր: Ես մեր ամերիկացի եւ եվրոպացի գործընկերների բազմաթիվ հաղորդագրություններ եմ կարդացել, որոնք հանդես են եկել հանդիպման արդյունքների օգտին, եւ նրանք նույնպես բարձր են գնահատել այն»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:





























