Ղրղըզստանի տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ում ապաստան էր տվել  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, լքել է այդ երկիրը, հաղորդում է Rosbalt-ը:Կարելի է ենթադրել, որ նա ուղեւորվել է Թուրքիա` հանգստանալու, որտեղ է ժամանաել նաեւ Լուկաշենկոն` կրտսեր որդու` Կոլյայի հետ, հաղորդում է МЫ-ն:

Ավելի վաղ նշվում էր, որ Ղրղըզստանն այլեւս հարցում չի ուղարկի Բելառուսին, պահանջելով վերադարձնել Բակիեւին, ով այս տարվա ապրիլին հեռացվել է իր պաշտոնից: Այս մասին հայտարարել էր Ղրղըզստանի դատական համակարգի գծով փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովը, հավելելով, որ Բակիեւը ներկա մեղադրանքներով կդատապարտվի հեռակա:

Հիշեցնենք, որ Մինսկը երկու անգամ հրաժարվել է Բիշեկին վերադարձնել Բակիեւին: Այս տարվա ապրիլին Ղրղըզստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Բակիեւին մեղադրել են մի շարք տնտեսական հանցագործությունների, ինչպես նաեւ հանրապետության հարավում միջէթնիկ բախումներ հրահրելու մեջ: Հուլիսի սկզբին ձերբակալվել է Բակիեւի եղբայր Ահմադ Բակիեւը, ով մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: