Ֆինանսական շուկաներում իրադարձությունները ցույց են տալիս, որ այն ուղին, որն ընտրել է Մեծ Բրիտանիան, դժվար է լինելու: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ZDF հեռուստաալիքի եթերում:

«Մեծ Բրիտանիան որոշել է գնալ իր ուղով: Ես կարծում եմ, որ այս առավոտվա տնտեսական տվյալները հաստատում են, որ դա շատ դժվար ուղի է լինելու», - ասել է նա:

«Ես ակնկալում եմ, որ շուտով կսկսվեն դուրս գալու վերաբերյալ բանակցությունները», - նշել է Շուլցը: Նա մատնանշել է, որ հանրաքվեի արդյունքը ֆունտ սթեռլինգի փոխարժեքի անկումն է: «Ես չեմ ուզում, որ եվրոն էլ նման բան ապրի», - ընդգծել է Եվրախորհրդարանի ղեկավարը: 

Նա ընդգծել է, որ բրիտանական վարչապետ Դեւիդ Քեմերոնը   «չի կարողանա եւ չի անտեսի» քվեարկության արդյունքները: Շուլցը հայտնել է, որ երեքշաբթի` հունիսի    28-ին Եվրախորհրդարանը պատրաստվում է արտահերթ նիստ անցկացնել:   

Նախնական տվյալների համաձայն, 382 ընտրատեղամասից 378-ի ձայների հաշվարկը ցույց է տվել, որ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները հանրաքվեին  ստանում են ձայների  51,8 տոկոսը, իսկ նրանց ընդդիմադիրները` ձայների 48,2 տոկոսը, հայտնում է ՏԱՍՍ-ը: