Մեծ Բրիտանիան քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին` դրանով սկիզբ դնելով պատմության մեջ ամենաբարդ ամուսնալուծության գործընթացին, գրում է Financial Times-ը:
Հաղորդվում է, որ ԵՄ-ի ղեկավարությունը գործողությունների մոտակա պլան ունի, սակայն բանակցությունները մեծ մասամբ հանպատրաստից կլինեն: Փորձագետների գնահատականով, Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարող է երկուսից տասը տարի խլել, եթե ոչ ավելի:
«Մենք միլիոնավոր խելագար հարցերի ենք բախվել եւ մոտ ժամանակներս դրանց պատասխան չենք ունենա», — հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան:
Հեղինակը պարզաբանել է, որ անհրաժեշտ է նախ Մեծ Բրիտանիային անջատել դաշինքից, որում նա եղել է 43 տարի, պատռել համատեղ ինքնիշխանության ժառանգությունը, իսկ հետո վերակազմակերպել մոլորակի վրա խոշորագույն միասնական շուկան:
Այդ կապակցությամբ երեք հիմնարար խնդիր է առաջանում. ինչ քաղաքական եւ առեւտրական պայմանավորվածություններ է պահանջում Բրիտանիան եւ կհամաձայնի արդյոք դրան ԵՄ-ը, արդյոք միաժամանակ համաձայնագիր կկնքվի Brexit-ից հետո առեւտրի սկզբունքների մասին, հնարավոր է արդյոք վերակազմակերպել անցումային շրջանը հետեւանքները մեղմելու համար:
Եվրոպացի իրավաբաններն իրենց առաջ երկու ուղի են տեսնում: Նախ` նրանք կարող են գործել ԵՄ-ի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, որը երկու տարի է տալիս դաշինքից դուրս գալու օգտին` այդ ժամկետը երկարաձգելու իրավունքով:
Երկրորդ տարբերակի համաձայն, իրավաբանները կպայմանավորվեն առեւտրի, անվտանգության եւ այլնի շուրջ: Դրանք ավելի բարդ բանակցություններ են եւ ավելի բարդ կլինի պայմանավորվածությունների վավերացումը. դրա համար անհրաժեշտ է 30 խորհրդարանի միաձայն որոշումը:
Կան նաեւ այլընտրանքային տարբերակներ, օրինակ` Բրիտանիայի պայմաններով «ամուսնալուծությունը»: Brexit-ի կողմնակիցներն արդեն ասել են, որ համայնքների պալատը կարող է անմիջապես չեղյալ համարել ԵՄ-ի հանդեպ որոշ պայմանավորվածություններ:
Սակայն ցանկացած միակողմանի քայլ կսրի լարվածությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում, գրում է FT-ն եւ Բրյուսելի կողմից պատասխան հակազդեցություն կառաջացնի, ներառյալ միասնական շուկայում բրիտանական ընկերությունների համար արտոնությունները:
Հեղինակը կանխատեսում է, որ ԵՄ-ի հետ Բրիտանիայի պաշտոնական խզումը շուտով տեղի չի ունենա, սակայն Բրիտանիայում քաղաքական քաոս կսկսվի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականի պատճառով:





























