ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել ամերիկացի հինգ զինվորների գործի շուրջ, ովքեր «հավեսի համար» սպանել էին Աֆղանստանի խաղաղ բնակիչներին: Այդ զինվորները զենքերը տեղավորել են դիակների շրջակայքում, այսպիսով  ստեղծելով «կռվի դաշտի» իմիտացիա, մասնատել եւ տեղում են թողել  սպանվածների մարմնի տարբեր հատվածներն ու  լուսանկարվել այդ ֆոնին: Ներկա դրությամբ հայտնի է  նմանատիպ երեք դեպք, որոնք արձանագրվել են Աֆղանստանի Քանդահար նահանգում:

Սպանվածների շարքում 45-ամյա մոլլա Ալլահ Դեդն է եւ 37-ամյա մի տղամարդ, որին ամերիկացի զինվորները սպանել են որդու աչքի առաջ: Խմբի առաջնորդ 26-ամյա սերժանտ Քելվին Գիբսը մահվան սպառնալիքի ներքո հրամայել է իր ենթակայության տակ գտնվող ծառայողներին լռություն պահպանել իրենց այդ  «զվարճությունների» մասին: Գիբսը միաժամանակ «սովորեցրել է» իր ենթականերին, որ զինվորների մեջ պետք է այսկերպ դաստիարակել «մարտական ոգի», այսինքն «սպանել՝ առանց խղճի խայթի»: