Մի քանի օր առաջ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ, հետագայում արդարացված Նաիրի Բադալյանի խոշտանգումների փաստով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի գործի նյութերով Ն. Բադալյանը առնչություն է ունեցել այդ ահաբեկչության իրականացմանը, որի կապակցությամբ ձերբակալվել էր: Հետագայում իրադրության փոփոխության պատճառով ազատության մեջ հայտնված Բադալյանը հեռացել էր Հայաստանից, ինչպես այդ գործով մի շարք այլ մեղադրյալներ ու վկաներ, այդ թվում Հ1-ի լրագրող Տիգրան Նազարյանը: Այժմ, Նաիրի Բադալյանն ԱՄՆ-ից հատուկ եկել է Հայաստան և շուրջ հինգ ամիս հետամուտ էր իրեն խոշտանգելու վերաբերյալ գործի հարուցմանը:

Տեղեկություններ կան, որ ՀՔԾ-ն արդեն անգամ մեղադրանք է առաջադրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալներ, գնդապետներ Մանուկ Միքայելյանի և Սմբատ Բուլղադարյանի նկատմամբ: Հատկանշական է, որ նա իրեն խոշտանգելու հարցում մեղադրում է այն ժամանակ հոկտեմբերի 27-ի գործը քննող, զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին եւ վերլուծաբանները կարծում են, որ նրան ԱՄՆ-ից Հայաստան են հրավիրել հենց Գ. Ջհանգիրյանի դեմ գործ հարուցելու համար:

Նշենք, որ վերջին նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելուց հետո, Գ. Ջհանգիրյանն ազատվել է պաշտոնից, ապա ձերբակալվել ու դատվել` բանտում անցկացնելով մեկ տարուց ավելի: Նա ազատվել է համաներմամբ եւ այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներից է: