Ադրբեջանական «Զերկալո» պարբերականն իր «Հրաշքներ չեն լինում» հրապարակման մեջ գրում է, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի բարեկամները միշտ էլ ցանկացած ընտրությունների նախաշեմին հույս են հայտնում, որ դրանք, ի տարբերություն նախորդների, կանցնեն անհամեմատ ժողովրդավարական, ազատ եւ արդար մթնոլորտում:

«Մեվլութ Չավուշօղլուն, լինելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ամենագլխավոր բարեկամը, ով Ադրբեջանում նախկինում անցկացված ընտրություններն էլ էր համարում բավական ազատ ու արդար, (առնվազն մինչեւ ԵԽԽՎ նախագահ ընտրվելը նա այդպես էր հայտարարում) պարտավոր է ի պաշտոնե ոչ միայն հույս հայտնել, այլ նաեւ վստահություն, որ Ադրբեջանում նախատեսված խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության հաղթանակ են լինելու, ի հեճուկս Ադրբեջանի ոչ բարեկամների, ինչպիսին է Անդրեաս Գրոսը:

Դեռեւս ինչ ասես կարելի է խոսել, բայց այ նոյեմբերի 7-ից հետո անհամեմատ դժվար կլինի փաստարկված համոզել ԵԽԽՎ անդամներին, որ այդ ընտրությունները հերթական քայլն էին ժողովրդավարության ճանապարհին, էլ չասած դրա հաղթանակի մասին: Բայց բարեկամները դժվար պահերին են երեւում»,- գրում է «Զերկալոն»:

Ես ենթադրում եմ, որ Չավուշօղլուն պատվով կանցնի այդ փորձությունը, առնվազն Ադրբեջանի իշխող կուսակցությունը գոհ կլինի նրանից»,- գրում է թերթը: