«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանն արձագանքելով մայիսին իր դեմ իրականացված հարձակման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հարձակվողները լրագրողին շփոթել են «ինչ-որ աղջկա հոր հետ», ասել է. ""Դա ամենաանհեթեթ մեկնաբանությունն է։ Կարելի էր ավելի լուրջ բան գտնել: Չեմ կարծում, թե այդտեղ հատուկ միտում կա ոստիկանապետի կողմից գործը շեղելու, բայց մյուս կողմից էլ մի փոքր վիրավորված եմ, որ այդ ուղղությունն է ստանում գործը": Նա նաեւ հավելել է, որ հարձակվողները «սափրագլուխներ» էին, ոչ թե «երիտասարդներ»:
«Մի քիչ էլ զարմանալի է, որ գիշերը 12-ին են սափրագլուխները ինչ-որ աղջիկների հետապնդում։ Հետո էլ ստացվեց, որ աղջիկների հորը։ Իրականությանը եւ ճշմարտությանը ոչ մոտ է հնչում», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է Նվեր Մնացականյանը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալիկ Սարգսյանն ասել էր. «Բանից պարզվեց անհեթեթ մի պատմություն, որի հետ, ընդհանրապես, այդ մարդը կապ չունի։ Ինչ-որ աղջկա պատմություն։ Շփոթել են Նվեր Մնացականյանին մեկի հոր հետ»:
NEWS.am-ը դեռ հուլիսի 23-ին էր գրել, որ լրագրողի վրա հարձակումը բացահայտվել է, իսկ դրա հեղինակը ԱԺ պատգամավորներից մեկն է, որը, անձնական հաշիվներ ունենալով Մնացականյանի հետ, օգտվել է ստեղծված հարմար պահից, եւ իր մարդկանց ուղարկել՝ ծեծի ենթարկելու Մնացականյանին: Խոսքը գործարար Հրանտ Վարդանյանի եւ նրա որդու մասին է:
Ոստիկանապետը տեղեկացրել էր նաեւ, որ ձերբակալված երկու երիտասարդների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։
Այս առնչությամբ, Ն. Մնացականյանը նախ նկատել է, որ իր տեղեկություններով այս երիտասարդները օգտվելու են համաներման իրավունքից, ապա ընդգծել է. «Ինձ արդեն ասել էին, որ ինչ-որ երիտասարդներ են ներկայացել, դիմում են տվել, որ իրենք ուզում են օգտվել համաներման ընձեռած հնարավորությունից եւ հրաժարվել ցուցմունքից։ Այդ բոլորը մի քիչ կազմակերպված տպավորություն է թողնում»: Նա նաեւ նշել է, որ այդ գործում խոշոր գործարար Հրանտ Վարդանյանի եւ նրա որդու հետ կապը բացվել է քննչական խմբի որոնողական աշխատանքների արդյունքում: «Կապը գտել է քննչական խումբը, երբ բերման երթարկեց այն ավտոմեքենան, որը պատկանում էր „Գրանդ Քենդի“ ընկերությանը: Դա եղել է „Գրանդ Քենդիի“ նիվաներից»,- ասել է Մնացականյանը:
Ի դեպ, «Շանթի» մեկնաբանը հրաժարվել է առերեսման գնալ ձերբակալված երիտասարդների հետ նշելով. «Այդտեղ մի փոքր վիրավորանք կա։ Կարելի էր ավելի լուրջ պատճառաբանություն գտնել, կամ եթե այդ գործը չի բացահայտվում, կարելի էր ուղղակի ասել, որ այս-այս հիմնավորումներով այդ գործը չի բացահայտվում»:




























