Մոսկվայի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինի անունն ամենից շատն է հիշատակվում վերջին օրերի լրատվության մեջ:

Հոկտեմբերի 5-ին հայտնի է դարձել, որ նա  դիմում է գրել «Եդինայա Ռոսիա» կուսակցությանն անդամակցելու համար, որը վերջերս էր լքել նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Նշենք, որ կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հոկտեմբերի 9-ին ՌԴ նախագահին է ներկայացնելու Մոսկվայի քաղաքապետի թեկնածուների ցանկը:

Լուժկովն ազատվել է իր պաշտոնից սեպտեմբերի 28-ին՝ Ռուսաստանի նախագահի հատուկ հրամանով «վստահությունը կորցնելու ձեւակերպմամբ»:

Ընդամենը մի քանի օրում Ռեսինը հասցրել է մի ամբողջ շարք որոշումներ ընդունել եւ հանդես գալ նախաձեռնություններով: Նա, մասնավորապես առաջարկել է տեղափոխել Պետրոս 1-ինի արձանը եւ աշխատանքից ազատել է Հյուսիսային վարչական շրջանի ղեկավար Օլեգ Միտվոլին: