Երեկ գիշեր ժամը 1-ի սահմաններում Նոր Նորքի 2-րդ զանգվածում տղամարդու դիակ է հայտնաբերվել, գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. «Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ, 31-ամյա Տիգրան Սահակյանն է: Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ Սահակյանը Մարտի 1-ի քրեական գործով քննչական խմբի անդամ էր: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաղորդում են, որ Սահակյանի մահվան պատճառը վրաերթն էր, սակայն նշենք, որ մահացածի վրա առկա վնասվածքները թույլ են տալիս ենթադրել, որ հնարավոր է` նա մահացած լինի դաժան ծեծի հետեւանքով: Թե ինչքանով է քննիչի մահը կապված նրա մասնագիտական գործունեության հետ, դեռեւս դժվար է ասել»:
Իսկ թե ինչ գործեր էին այժմ գտնվում Տիգրան Սահակյանի վարույթում, որստիկանությունից թերթի թղթակցին հայտնել հրաժարվել են` ասելով, որ դա ծառայողական գաղտնիք է: Նշենք, որ այն վայրը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ամայի է, այնտեղ չկան բնակելի շենքեր, եւ թե ինչպես է Տիգրան Սահակյանը հայտնվել հենց այդ փողոցում` դեռեւս հայտնի չէ:
Լուսանկաը` Գագիկ Շամշյանի





























