Հոկտեմբերի 7-ին Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս–Յոխեն Շմիդթը, Շիրակի փոխմարզպետ Հարություն Արշակյանը եւ Հայաստանի ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Գյումրիի թիվ 3 դպրոցին կհանձնեն գործընկերությունը հավաստող ցուցանակը։
Գերմանիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ այդ երկրի ԱԳՆ դպրոցների գործընկերության ծրագրում (PASCH) ընդգրկված դպրոցներում երիտասարդների մոտ հետաքրքրություն են առաջացնում գերմաներենի հանդեպ՝ իրենց առաջ դուռ բացելով դեպի գերմանական մշակույթ, գիտություն եւ տնտեսություն։
Բացի այդ, դպրոցում բացվում է Գյոթեի անվան ինստիտուտի սենյակ, որտեղ աշակերտները կարող են ուսումնասիրել գերմաներեն։
Այնուհետեւ տեղի կունենա «Տեղական ժամանակ» ցուցահանդեսի բացումը, որտեղ կներկայացվեն գերմանացի լուսանկարիչ Շտեֆան Կոպելմանի տպավորիչ լուսանկարները, որոնց միջոցով նա փոխանցում է 1990 թվականի՝ Բեռլինի պատի անկմանը հաջորդող տարվա՝ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առօրյան մինչեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մաս դառնալը։ Քսան տարի անց Կոպելմանը այցելում է 1990 թվականին լուսանկարած վայրերը եւ երկրորդ անգամ լուսանկարում դրանք ճիշտ նույն դիրքից։ Այսպես ստեղծվում է նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցած տնտեսական եւ հասարակական փոփոխությունների տպավորիչ ներկայացումը։




























