Հայաստանը, չնայած մշտապես ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի է ենթարկվում, սակայն երկրի իշխանություններն իրենց ստանձնած պարտավորություններից ոչ մեկը չեն կատարում: Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ այս ընթացքում, ինչ Հայաստանն անդամագրվել է Եվրոպայի խորհրդին, իր ստանձնած պարտավորություններից եւ ոչ մեկը չի կատարել:
Սաքունցն առաջարկեց ուշադրություն դարձնել Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ 4 բանաձեւերում նշված պահանջներին եւ դրանց կատարման ընթացքին՝ նշելով. «Կտեսնեք, որ պահանջները չեն կատարվել, բայց պահանջները գնալով ավելի են մեղմացել: Կարծում եմ, որ Եվրախորհուրդը որոշակի գործարքի գնաց Հայաստանի իշխանություններրի հետ` «քարտ բլանշ» տալով ՀՀ իշխանություններին` ինչ-ինչ այլ բնույթի հարցել լուծելու դիմաց: Սա տիպիկ քաղաքական առեւտուր է` ի հաշիվ մեր արժանապատվության, մեր քաղաքացիների: Դա ե՜ւ հայ-թուրքական հարաբերություններն են, ե՜ւ Ղարաբաղյան խնդիրը»,-իրավապաշտպանը:
Հարցին, թե ի՞նչ ստացավ դրա դիմաց Հայաստանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը պատասխանեց, թե դրա դիմաց Հայաստանը տվեց իր անկախությունն ու ինքնուրույնությունը, վերացավ որպես պետություն: «Կներեք, Հայաստանը դարձրեցին «տրյապկա»: Հայաստանից պահանջում են որոշակի զիջումներ արտաքին քաղաքականության բնագավառում եւ ասում են` այդ զիջումները դու տուր, մենք աչք կփակենք քո երկրի ներքին իրադարձությունների վրա»,- ասաց Սաքունցը: Ըստ նրա` ստեղծվել է մի վիճակ, երբ ԵԽԽՎ-ում կարող են այլեւս չհանդուրժել Հայաստանի այս պահվածքը, ինչը հնարավոր է հանգեցնի մի իրավիճակի, երբ այլեւս «անիմաստ կլինի խոսել Հայաստանի` ԵԽ անդամ մնալու մասին»:





























