Ռուսաստանը եղել եւ մնում է Բելառուսի ամենագլխավոր ռազմավարական գործընկերը եւ մեզ համար ռուս ժողովրդից ավելի մոտ ժողովուրդ չկա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 6-ին հայտնել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեպան Սուխորենկոն՝ անդրադառնալով ռուս-բելառուսական հարաբերությունների ներկայիս վիճակին:

«Մենք բոլորս անհանգստանում ենք այն սարսափից, որ այսօր տեղի է ունենում: Այդ սարսափը, որ առաջացել է ոչ մեր մեղքով, շուտով կավարտվի, եւ մեր հարաբերությունները կրկին եղբայրական եւ լավ կլինեն»,- նկատել է Սուխորենկոն՝ հավելելով, որ սարսափ է անվանում այն ընդհանուր իրավիճակը, երբ երկու եղբայրական պետությունների միջեւ կան տարաձայնություններ:

Նա նշել է, որ տարաձայնությունները Բելառուսի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ չեն, այլ Լուկաշենկոյի եւ Մեդվեդեւի: «Մեր երկիրը մեծ չէ, եւ նախագահը անառարկելի հեղինակություն է վայելում: Մեր նախագահը պաշտպանում է ողջ ժողովրդի շահերը, ուստի որոշ դեպքերում խնդիրներ են առաջանում»,- ասել է դեսպանը:

Մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկությունները, թե Ռուսաստանը ֆինանսավորում է բելառուսական ընդդիմությանը, Սուխորենկոն ասել է. «Ես հեռու եմ գտնվում եւ տեղեկությունների չեմ տիրապետում, սակայն դատելով նախկին նախընտրական արշավներից, կարող եմ ասել, որ ընդդիմությանը ֆինանսավորում էին արտերկրից, բայց չգիտեմ, թե կոնկրետ որտեղից»: