Պետական ծրագրով Սեւանի մակարդակը 2029 թ. կհասցվի ծովի մակերեւույթից բարձր 1903.5 մետր նիշին, այսիքն` 3.5 մետր ավելի բարձր, քան ներկայում է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին հայտարարեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, հավելելով. «Դա թույլ կտա Սեւանի մաքուր ջրի պաշարները հասցնել 42 մլրդ խմ-ի` ներկայիս 35 մլրդ-ի փոխարեն»:
Վլ. Մովսիսյանը խոստացավ, որ Սեւանում ամբարվող ջուրը կլինի մաքուր եւ քաղցրահամ, այլ ոչ թե տեխնիկական ջուր։
Նշենք, որ Սեւան են թափվում առափնյա 43 համայնքների, որից 5-ը՝ քաղաքներ, կոյուղաջրերը։ Ընդ որում՝ տարեցտարի Սեւան թափվող կեղտաջրերն ավելանում են։ Վլ. Մովսիսյանի տեղեկացմամբ՝ սկսվել են Սեւան, Մարտունի, Գավառ, Վարդենիս եւ Ջերմուկ քաղաքների կոյուղագծերի մաքրման ու վերականգնման աշխատանքները։ «Մաքրության առումով բանակցություններ են վարվում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ, որ կարողանանք առափնյա 43 համայնքներում հերթականությամբ լուծել ջրամատակարարման, կոյուղացման եւ մաքրման խնդիրները»,-ասաց Մովսիսյանը: Այդ նպատակով կստեղծվի նաեւ «Սեւանի հիմնահարցերի պահպանման ու վերականգնման համահայկական հիմնադրամ»:




























