Հոկտեմբերի 6-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում իր լիազորություններն ավարտած Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամությունը կշարունակվի, ինչին իրենց կարեւոր նպաստն են բերում նաեւ դեսպանները:
Իր հերթին, պարոն Սմեսովը նշել է, որ անմոռանալի տպավորություններով է հեռանում Հայաստանից:
Նույն օրը Կաթողիկոսն ընդունել է Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աթա Սերդարովին: Նա շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով եւ հաջողություններ մաղթել նրա առաքելությանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Թուրքմենստանի հայ համայնքին, հայ եւ թուրքմեն ժողովուրդների պատմական կապերին: Դեսպան Սերդարովը հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում կանի ամենը երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման ու զորացման համար:




























