ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր՝ հոկտեմբերի 6-ին ընդունվել է  հայտարարություն, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: Հայտարարությունը նախաձեռնել է ԵԽ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ փաստաթղթով Եվրախորհուրդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ԼՂ հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով՝ բացառելով ուժի կիրառման սպառնալիքը: «Հակառակ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների` Ադրբեջանը շարունակում է իրականացնել երկրի ռազմականացման վտանգավոր քաղաքականություն` հանդես գալով Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված ռազմատենչ եւ թշնամություն սերմանող հռետորաբանությամբ: Ադրբեջանը մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցել կոնֆլիկտի հիմնական կողմ հանդիսացող Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, իսկ բոլոր այն մարդիկ, այդ թվում եւ Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ովքեր այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում»,-ասված է հայտարարությունում:

Դրանում շեշտվում է նաեւ, որ Վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի առավել լիարժեքորեն եւ անկեղծորեն կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունները:

«Ժառանգության» ներկայացուցչի հայտարարությանը տակ ստորագրել է ԵԽԽՎ-ի շուրջ երեք տասնյակ պատգամավոր, այդ թվում ԵԽԽՎ-ում  ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ն ներկայացնող Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՕԵԿ-ական Արծրունի Աղաջանյանը:

Ուշագրավ է, որ հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ-ում հրապարակվել էր ադրբեջանցի պատգամավորների նախաձեռնած հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին: