Պաշտպանության ոլորտը զարգացնելու եւ բանակն ավելի մարտունակ դարձնելու, տեխնիկայով հագեցնելու համար բազմաթիվ մեթոդներ ու ձեւեր կան՝ բացի բանակին պետական բյուջեից ֆինանսական մեծ միջոցներ հատկացնելուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի՝ 2011 թվականի պետական բյուջեով բանակին հատկացվելիք միջոցներին:
Հրայր Կարապետյանը նշեց, որ թեեւ Ադրբեջանը տարեց տարի ավելացնում է իր ռազմական բյուջեն, սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ միջոցները նպատակային է օգտագործում՝ ռազմական տեխնիկայով է համալրում բանակն ու բարձրացնում բանակի մարտունակությունը: «Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեները ծավալով տարբերվում են, սակայն մենք կարողանում ենք հավասարակշռությունը պահպանել»,-ասաց Կարապետյանը:
Նշենք, որ պաշտպանության ոլորտին Հայաստանի՝ 2011 թվականի պետական բյուջեով հակտացվել է 140 մլրդ, 613 մլն, 772,8 հազար դրամ (մոտ 380 մլն դոլար): 2010 թվականի համեմատ ոլորտին հատկացված միջոցները աճել են շուրջ 5 մլրդ դրամով: (Բյուջե-2010-ով այդ գումարը կազմում էր 135 մլրդ, 715 մլն 659,4 հազար դրամ): Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի 2011 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթով պետբյուջեից պաշտպանության ոլորտին է հատկացնելու 1 մլրդ 325 մլն 61 հազար մանաթ (շուրջ 1, 656 մլրդ դոլար): 2010թ. հատկացվել էր 1 մլրդ 236 մլն 900 հազար մանաթ բանակը պահելու, 83 մլն 300 հազար մանաթ՝ ազգային անվտանգության, 2 մլն 200 հազար մանաթ՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտի հետազոտությունների համար: Նկատենք, որ թեեւ 2010թ. պետբյուջեից հատկացվել էր 1 մլրդ 205 մլն 827 հազար մանաթ, կրկնակի քննարկմանը լրացուցիչ 400 հազար մանաթ է տրվել:




























