«Մենք հիմա փոքրերից փոքր ածու ենք դառել: Գիտեք, պետության չափերը մեծ դեր են խաղում: Սա ինչ երկիր է, որ կարող ես մի լուսավոր օր վեր կենալ ու մի օրում հյուսիսից հարավ անցնել, կտրել անցնել վրացական սահմանից մինչեւ Մեղրի:
Չի կարելի փոքր լինել, այսքան փոքր լինել չի կարելի: Խեղդեցին մեզ թուրքերը, բոլշեւիկներն էլ ժամանակին: Մենք շատ սխալներ արեցինք, 20-րդ դարասկզբին, մենք էլ սխալվեցինք, չէր կարելի այդքան սխալվել»,-«Հայոց աշխարհի» թղթակցին ասել է Համազգային թատրոնի ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը` շարունակելով. «Այսինքն՝ պետք է հասկանանք, որ եթե 10 միլիոն ենք աշխարհում, այդ 10 միլիոնի հայացքը պետք է դեպի Հայաստանը լինի, բայց Հայաստանը պետք է հզոր լինի:
Սակայն այս մի փոքրիկ հավի ծերտի չափ տարածքում դժվար է հզորանալ, բայց մենք պետք է փորձենք, մենք այն ժողովուրդն ենք, որ պիտի կարողանանք հաղթահարել այս դժվար վիճակը: Եթե կարողացանք Ղարաբաղը վերադարձնել, ուրեմն մենք շատ բաների ենք ընդունակ»:



























