Ադրբեջանի պաշտպանության նախարարության ու ռազմական դատախազության կողմից հոկտեմբերի 5-ին տարածված հաղորդագրությունը «հայ դիվերսանտ» Մանվել Սարիբեկյանի ինքնասպանության մասին գալիս է ավարտելու անցած ամիսներին այդ երկրի ղեկավարության իրականացրած սահմանային դիվերսիաների կազմակերպման քաղաքականությունը` գրում է պարբերականը։
Սրանով, ըստ «Հայոց աշխարհ»-ի, Ադրբեջանի ղեկավարությունը, որը պատասխանատու է տեղի ունեցած ողբերգության համար, փաստորեն, խոստովանում է, որ ինքը ձախողվել է հայկական կողմի հետ նման եղանակով «խոսելու» փորձերում, ուստի հայ-ադրբեջանական սահմանագծին գերեվարված հովվին դարձնում է իր անզոր կատաղության զոհը։
«Պատճառն այն է, որ պատահաբար ադրբեջանական կողմի ձեռքում հայտնված Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի երիտասարդ բնակչի շուրջ բարձրացված աղմուկը անցած օրերին սպառել էր իրեն։ Իր անասուններին փնտրելու պատճառով մոլորված եւ սեպտեմբերի 11-ին ադրբեջանցիների ձեռքն ընկած Մանվել Սարիբեկյանի գոյությունը արդեն ավելորդ էր Ադրբեջանի քարոզչամեքենայի համար»,-նկատում է թերթը։
Ըստ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանի` «ինքնասպանության» կազմակերպմամբ կատարված հանցագործության հետքերը պարտակելու հոկտեմբերի 5-ի քայլը հաստատեց, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին մերկացումներից։ Մնում էր սպանել գերեվարված հովվին՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես «ինքնասպանություն»։ «Հայաստանի դատական մարմինները պարտավոր են Մանվել Սարիբեկյանի սպանության հարցը վերածել Ադրբեջանի դեմ հրապարակային դատի՝ համապատասխան հայց ներկայացնելով Մարդու իրավունքների միջազգային դատարան»,-առաջարկում է թերթը։




























