ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը դիմել է Լոս Անջելեսի մերձակա բնակավայրերի բնակիչներին եւ նրանց կոչ արել լքել իրենց տները, քանի որ այդ տարածքներին սպառնում է հրդեհը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Տեղի իշխանությունների հավաստմամբ, մոտ 10 հազար տուն այժմ գտնվում է հրեդեհների սպառնալիքի տակ, որոնք բռնկվել են դեռեւս նախորդ շաբաթ: Շվարցենեգերը հայտնել է, որ մոտ 6 հազար տների բնակիչներ ստիպված էին հեռանալ հրդեհների շրջանից:
Նախօրեին նահանգապետը արտակարգ դրություն է մտցրել Լոս Անջելեսի եւ Մոնտերեյի շրջաններում: Ներկայումս կրակն ընդգրկում է Լոս Անջելեսի մերձակայքի մի քանի տասնյակ քառակուսի կմ տարած եւ շարունակում է մոտենալ քաղաքին:
Լոս Անջելեսի հակահրդեհային վարչության տվյալներով, կրակի դեմ պայքարին մասնակցում են մի քանի հազար հրշեջներ, սակայն նրանց ջանքերը փաստացի որեւէ արդյունք չեն տալիս: Հրդեհների հասցրած վնասը գերազանցում է մի քանի միլիոն դոլարը: Հայտնի է, որ աղետի արդյունքում տուժել են 3 բնակիչներ: Հիշեցնենք, որ հրդեհների հիմնական պատճառը երաշտն է,շոգ եղանակը եւ ուժեղ քամին:



















