ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին խոստովանել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին՝ ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները, սակայն Բուշը չի պաշտպանել այդ առաջարկը: Չեյնին այս մասին հայտարարել է երեկ Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հարցին, թե ինչո՞ւ Ջորջ Բուշի կառավարությունը չի հարձակվել Իրանի վրա, այդ հարցում վերջնական որոշումը թողնելով Օբամայի վարչակարգին, Չեյնին պատասխանել է. «Դա իմ որոշումը չէր: Ես պաշտպանում էի հարձակման գաղափարը»:
«Նույնիսկ եթե երկխոսություն է ընթանում, կարեւոր է, որ ուժային լուծման տարբերակը մնա օրակարգում եւ որ Իրանում այդ մասին իմանան»,- ընդգծել է նա:
Նախկին փոխնախագահը նաեւ նշել է, որ Իրանի միջուկային ծրագրին նվիրված խորհրդակցություններում ինքը փաստորեն միշտ ավելի խիստ քաղաքականության կողմնակից է եղել, քան իր գործընկերները: Սակայն Բուշը որոշել է գնալ դիվանագիտական ճանապարհով: Չեյնին խոստացել է, որ Բուշի հետ իր տարաձայնությունների մասին ավելի մանրամասն կպատմի իր գրքում, որի վրա ներկայումս աշխատում է:



















