Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի որդու մասնակցությամբ կատարված խուլիգանության փաստով հարուցված գործը, որով զբաղվում էր ՀՀ զինդատախազությունը, մոտ 10 օր առաջ վերադարձվել է ոստիկանության Արտաշատի բաժնի քննչական ծառայությանը: Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում ասաց հենց նախկին մարզպետը: Նա նշեց, որ քանի որ իր որդին գործով որպես տուժող է ճանաչվել, նրա մասով գործը կարճվել է, իսկ մնացած մասով քննությունը դեռեւս շարունակվում է:

Նշենք, որ մոտ երեք ամիս առաջ պաշտոնանկ արված Արարատի նախկին մարզպետի որդին` 22-ամյա Վահե Հովակիմյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ: Նա, ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 6-ին Արտաշատի քաղաքային զբոսայգում վիճել էր 25-ամյա Ժորա  Մարկոսյանի հետ: Վիճաբանության մասնակիցները հարվածել էին իրար ու պատճառել մարմնական վնասվածքներ, ինչից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին: Վարդգես Հովակիմյանը հավաստիացրեց, որ իր որդին, ով միջադեպի ժամանակ գտնվում էր զինվորական ծառայության մեջ,  շարունակում է ծառայությունը ՀՀ Զինված ուժերում:  

Նկատենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը դժգոհելով Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հայտնել էր, որ մտադիր է հեռանալ Հայաստանից եւ դրսում գործ գտնել, միաժամանակ նշելով, թե քանի Ալիկ Սարգսյանը Հայաստանում է, ինքը Հայաստան չի վերադառնա: «Երբ նա հեռանա պաշտոնից ու Հայաստանից, ես նոր կվերադառնամ»,-ասել էր նախկին մարզպետը:  Հարցին, թե արդեն որոշե՞լ է, թե որ երկրում է շարունակելու իր գործունեությունը, Հովակիմյանը պատասխանել էր. «Դեռ դրա ժամանակը չի, մինչեւ աշխատանքի հարցը չլուծվի, չեմ գնա: Աշխատանքի հարցը պետք է լուծվի, որ նոր գնամ»: