«Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի։ Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ինքը՝ պատգամավորը։
Նրա խոսքով, փաստահավաք խումբը փաստեր հավաքելու գործընթացը պետք է սկսեր որ թե երեկվանից կամ այսօրվանից, այլ հենց ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից, երբ Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
«Փաստահավաք խումբը հենց գործընթացի սկզբից պետք է բնորոշեր, թե ո՞վ է իրական ագրեսորը։ Այն իր առաքելությունը պետք է սկսեր Մարաղայի խաղաղ բնակչության հանդեպ գործադրված վայրագությունների դեպքերից, որպեսզի միջազգային հանրությունը կարողանար իրական պատկերացում ունենալ ղարաբաղյան ողջ ողբերգության վերաբերյալ»,- շեշտեց Համլետ Հարությունյանը։
Նա նաեւ նկատեց, որ այսօր Ադրբեջանը բոլոր ատյաններում լացուկոծ է բարձրացնում եւ առանց որեւէ հիմնավորման պահանջում Հայաստանից հետ տալ իր հողերը: «Բայց թե ինչո՞ւ են իրենք «կորցրել» այդ հողերը, չեն ասում։ Փաստահավաք խումբը պետք է կարողանա այնպիսի տվյալներ հավաքել,որոնք կարող են ցույց տալ, թե ադրբեջանցի կոչվող այդ ազգը ի՞նչ կապ ունի իր կողմից պահանջվող բնիկ հայկական տարածքների հետ»,- նկատեց պատգամավորը՝ միաժամանակ ավելացնելով, որ խաշնարած ազգերը հայրենիք համարում են այն տարածքները, որոնք տրորվել են իրենց ձիերի եւ ոչխարների սմբակների տակ։
«Այս կամ այն խնդիրն ուսումնասիրելիս չպետք է վերջից սկսել, այն պետք է քննարկել իր ողջ սպեկտրով»,- ամփոփեց «Արցախ» հայրենակցական միության նախագահը։





























