Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի շուտափույթ իրացնի մատակարարվող ապրանքները։ Այս մասին հուլիսի 8-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության հարցերով Խորհրդակցական կոմիտեի նիստի շրջանակներում, լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ դա կօգնի ինչ–որ կերպ փոխհատուցել ռուս–վրացական սահմանին բեռնատարների արգելափակումից կրած վնասը։ «Իսկ ապագայում անհրաժեշտ է համաձայնության գալ ռուսական կողմի հետ օդային բեռնափոխադրումների հարցում, որպեսզի նման ֆորսմաժորային իրավիճակում արագ փչացող ապրանքները արտահանենք օդային ճանապարհով»,– ասել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Թերեք գետի վարարման հետեւանքով փլուզվել էր Վրաստանի տարածքի «Վերին Լարս» անցակետից 2 կմ հեռավորության վրա գտնվող մայրուղու 500-600մ երկայնքով հատվածը, ինչի հետեւանքով այն փակվել է: Հարկադիր կանգառից խուսափելու համար, հայ բեռնափոխադրողները վարձել են լաստանավեր՝ բեռը Սեւ ծովով արագ փոխադրելու, ինչպես նաեւ չարտերային ինքնաթիռներ՝ վարորդների տեղափոխման համար:



























