Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը որպես անկախ պետություն ճանաչելու հրամայականը եղել է օրակարգում անկախության ճանաչումից ի վեր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց. «Մենք կորցրել ենք տարբեր հնարավորություններ: Նորություն չէ, որ իմ եւ «ժառանգության» համոզմամբ, դա պետք է տեղի ունենար դեռ 1992 թվականին, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ»:
Դրանից հետո, ըստ Հովհաննիսյանի, ԼՂՀ-ն ճանաչելու հարմար խաչմերուկ էր հրադադարի ստորագրումը, որտեղ մեր քաղաքականությունը պետք է հանգեր ԼՂ ճանաչման:
«Բոլորիս աչքի առաջ Կոսովոյի ճանաչումն է: Մինչ Կոսովոյի ճանաչումը նախագիծը պետք է նվազագույնը մտներ խորհրդարանի օրակարգ, սակայն այդ հնարավորությունը չօգտագործվեց»,- ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը, նկատելով, որ ԱԺ կանոնակարգի որոշակի փոփոխությունները հնրավորություն տվեցին ընդդիմությանը արտահերթ ճանաչել այս կամ այն օրինագիծը:
«Բավական է ամեն մեկն իրեն լուրջ քաղաքագետի տեղ դնի, եւ պատճառաբանի, թե ճանաչումը կխանգարի բանակցային գործընթացին»,- հայտարարեց նա ու տեղեկացրեց, որ ԱԺ-ում այդ խնդրի քննարկումներից հետո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խնդրել է հետաձգել քվեարկությունը մի քանի օրով եւ իրենք ընդառաջ են գնացել այդ խնդրանքին` քվեարկությունը հետաձգելով մինչեւ հաջորդ քառօրյա:
«Եթե մինչեւ հաջորդ քառօրյա Արցախի ճանաչման հարցը չմտնի օրակարգ, իհարկե քվեարկությունը տեղի կունենա հաջորդ քառօրյայում»,- ամփոփեց Րաֆֆի Հովհաննիսյանը:



























