Օրերս ընթացիկ տարվա մայիսին անշարժ գույքի շուկային վերաբերող տեղեկատվություն էր հրապարակվել։ Նշենք, որ բնակարանների (ինչպես նաեւ առանձնատների) միջին շուկայական գների դինամիկայի աճի միտումը բավական աննշան է։ Նույնպիսի պատկեր է գրանցվել նաեւ Երեւանում։ Կարելի է հատկապես առանձնացնել մայրաքաղաքի Կենտրոն համայնքը, որտեղ գները նախանձելի կայունությամբ մնում են նույն մակադակի վրա։

Հիշեցնենք, որ նախկինում մենք հաշվարկել էինք Երեւանում առաջարկվող բնակարանների միջին գները՝ հիմք ընդունելով վաճառքի մոտ 750 հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ, այդ գներն առանձնապես չեն տարբերվում պաշտոնական տվյալներից։ Առավել մեծ տարբերություններ են նկատվել միայն Կենտրոն համայնքում, որտեղ հայտարարություններում նշված գները եղել են անհամեմատ ավելի բարձր։

Դա ունի տարբեր բացատրություններ։ Մայրաքաղաքի կենտրոնի բնակարանները առանձնապես պահանջարկ չունեն՝ շարքային գնորդի համար անհիմն բարձր գների պատճառով։ Հենց այդ պատճառով էլ վատ են իրացվում։ Դրանից զատ, թե՛ գնորդը, թե՛ վաճառողն առանձնապես շահագրգռված չեն թանկարժեք բնակարանի առուվաճառքի գործարքի իրական արժեքը հայտարարագրելու մեջ։ 

Ներկայացվող աղյուսակում բերված են Երեւանի վարչատարածքներում բնակարանների միջին գները՝ 2011-2016 թթ. մայիսի ընթացքում։ Հաշվարկը կատարված է բնակմակերեսի 1 քառակուսի մետրի շուկայական գների պաշտոնական տվյալների հիման վրա։ Նշենք, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում ԱՄՆ դոլարը 1.2 անգամ արժեւորվել է, որը հանգեցրել է այս արտարժույթով արտահայտված գների նկատելի նվազման։

Բնակմակերեսի միջին հաշվարկի համար օգտագործվել է Երեւանի տարբեր շրջանների բնակֆոնդի 2014 թ. տեղեկատվությունը։ Բանն այն է, որ 2011 թվականից մայրաքաղաքի առանձին շրջաններում գները էականորեն փոխվել են։ Դա, հնարավոր է, կապված էր բնակֆոնդի նվազման, հանրակացարանները սեփականաշնորհելու հետ, ինչպես նաեւ այն պատճառով, որ տվյալներն էականորեն ճշտվել են։ Արդյունքում՝ Ավանում, օրինակ, բնակմակերեսի միջին ցուցանիշը հինգ տարվա ընթացքում «աճել» է 1,5 անգամ։ Հասկանալի է, որ հաշվարկներում այդպիսի բազային տվյալների օգտագործումը կարող էր հանգեցնել այդ շրջանում բնակարանների գների արհեստական աճի։ Հաշվարկը բնականաբար կրում է փոքր-ինչ պայմանական բնույթ, քանի որ իրացվող բնակարանների միջին մակերեսը կարող է տարբերվել բնակֆոնդի միջին ցուցանիշից։