«Ժառանգություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաեւ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության դուռը բաց է թողնում:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ՀԱԿ-ի հետ նախընտրական դաշինքի ստեղծում, նա պատասխանեց. «Կարծում եմ, ընտրությունների ձեւաչափերի մասին խոսելը հասունացած չէ, դեռ պիտի մտնենք նախընտրական արշավի մեջ, որ մտածենք»: «Ժառանգության» ղեկավարը նաեւ հավելեց, որ իրենք պատրաստվում են «իրենց անվան տակ առաջ տանել ընտրական բոլոր պայքարները»:

«Համագործակցությունը անհրաժեշտ է, դա եղել է նախագահական, խորհրդարանական, քաղաքապետի ընտրությունների ժամանակ Բայց մենք չենք սպասելու մինչեւ վերջ, աշխատելու ենք եւ վստահ ենք, որ հայ ժողովուրդը մեզ զորավիգ է: Այո, հասարակությունը որոշ դեպքերում քննադատում է մեզ, բայց նաեւ հասկանում է, որ «Ժառանգության» մեջ կան ազնիվ քաղաքացիներ, որոնց համար ազգային շահը վեր է ամեն ինչից»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելեց. «Որպեսզի մենք ունենաք իշխանափոխություն դասական, քաղաքակիրթ եղանակով, ընդդիմադիր ղեկավարները, բոլոր մասնիկները պետք է հասկանան, որ առանձին արահետներով գնալով չենք ունենալու այդ երանելի հաղթանակը»: