Հայաստանը պետք է բաց լինի միջազգային հանրության առջեւ, եւ պետք է աջակցի դաշտային առաքելություններին, բայց դրան պետք է հավանություն տան Ղարաբաղի իշխանությունները: Նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր` հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ԼՂ հարակից տարածքներում դաշտային առաքելության իրականացմանը: Նշենք, որ այն իրականացվելու է մինչեւ հոկտեմբերի 13-ը:
Միաժամանակ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց. «Միակողմնակի մակերեսային եւ աննպատակասլաց կլինի այս առաքելությունը, եթե չայցելի Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական բնակավայրեր: Անհրաժեշտ է, որ այցելեն, օրինակ, Ջուղա:
Առանց այդ բնակավայրեր այցելելու, կնշանակի, որ այդ առաքելությունը փոխհատուցում է Ադրբեջանին` ՄԱԿ-ից բանաձեւը հանելու դիմաց»:
Նույն խնդրի առնչությամբ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ այս պահին կանխել նման դաշտային առաքելությունը սխալ կլինի, եթե անգամ դա Ադրբեջանին ընդառաջ արված քայլ է:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ նշեց. «Մեր իշխանությունները ոչ միայն մեզ են փորձում խաբել, այլեւ իրենց են խաբում բառախաղերով; Իբր սա փաստահավաք չէ, այլ դաշտային առաքելություն է:
Սակայն ակնհայտ է, որ այդ խումբը հենց հայկական ուժերի տրամադրության տակ գտնվող տարածքներում է իրավիճակը գնահատելու եւ զեկույց ներկայացնելու»:





























