Ֆրանսիական համալսարանից հեռացված 14 դասախոսների դատը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Հոկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին հեռացված դասախոսները: Նրանք նաեւ նշեցին, որ թեեւ մեկ ամիս առաջ դիմել են մարդու իրավունքերի պաշտպանին, սակայն դեռ ոչ մի պատասխան չեն ստացել: Պատասխան չի ստացվել նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից, ով  այդ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Հանդիպմանը դասախոսները, բացի դատավարության օրն ու ժամը նշելուց, բացահայտեցին համալսարանում կատարված մի շարք խախտումներ:
Այսպես. ֆրանսերենի ամբիոնի  նախկին վարիչ Նարինե Կոխտիեւան ասաց, որ իրենք 6-7 տարի շարունակ արձակուրդայիններ չեն ստացել, իսկ մեկ տարի ստիպված են եղել ընդհանրապես առանց աշխատավարձի աշխատել: Բացի այդ, համալսարանի ղեկավարությունն անվճար ընդունված ուսանողներից պահանջել է վճարել 240-270 հազար դրամ, այսինքն` մեկ կիսամյակի գումարը, իբրեւ թե հետագայում վերադարձնելու պայմանով:
Այն վարկածը, թե իբրեւ դասախոսներին աշխատանքից ազատել են կարգապահությունը խախտելու` դասից ուշանալու համար, Նարինե Կոխտիեւան ծիծաղելի է համարում, որովհետեւ, ըստ նրա, իրենցից ոչ մեկը երբեք դասից չի ուշացել, իսկ ռեկտորը 3,5 ամիս բացակայել է համալսարանից:
Ինչ վերաբերում է համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանին, դասախոսներից Լիլիա Դիլանյանն ասաց, որ Նավոյանն անձամբ զանգել է իրեն եւ ասել. «Հետ մնա հիմար պայքարից, թե չէ կորակազրկեմ»:

Նշենք, որ օգոստոսի վերջին Ֆրանսիական համալսարանից առանց բացատրության աշխատանքից ազատվել էին 29 դասախոներ, որոնցից 14-ը դիմել է դատարան:

Ավելի ուշ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ  որոշ դասախոսների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը դադարեցվել են դրանց գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ` այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնելով դասախոսներին: Իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար ազատված դասախոսները դիմել էին դատարան: