Հոկտեմբերի 7-ին «Կենտրոն» հեռուստաալիքով ցուցադրվելու է «Ալեքսան Ավետիսյանն ընդդեմ Ձյուդոյի ֆեդերացիայի» թոք-շոուն: Հաղորդմանը մասնակցելու է Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերը՝ իրավիճակը պարզելու համար: Այդ մասին հոկտեմբերի 7-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ  Ծառուկյանը: Նրա խոսքով, Ավետիսյանը կիմոնո է վաճառել սաներին եւ ոչ նպատակային է ծախսել ֆեդերացիայի 87 մլն դրամ բյուջեն:

«Այսօր ես անում եմ ամեն ինչ, որ զարգացնեմ սպորտը, թոշակներ եմ տալիս, բնակարաններ, որ մեր մարզիկները բարձր պահեն մեր երկրի պատիվը»,- ասել է նա՝ նկատելով, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որը տեխնիկական պատճառներով մի քանի օր չի աշխատել, շուտով կվերականգնի աշխատանքը:

Ձյուդոյի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակի բոլոր քննարկումները ցուցադրվելու են ուղիղ եթերում:

Նշենք, որ NEWS.am-ը վկայակոչելով տպագիր լրատվամիջոցների տեղեկությունները, հայտնել էր, որ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հայտարարել էր, թե Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը խախտում է Օլիմպիական խարտիայի կարեւորագույն սկզբունքներից մեկը՝ զբաղվում է քաղաքականությամբ: Հոկտեմբերի 8-ին կայանալու է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստը, որում քննարկվելու է ֆեդերացիայի նախագահին անվստահություն հայտնելու հարցը: