«Բարգավաճ Հայաստանը» ձգտում է 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալ, այսինքն 50 տոկոս+1 ձայն, լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա ընդգծել է, թե չնայած կառավարող կոալիցիայի առկայությանը, անդամ կուսակցություններից յուրաքանչյուրն աշխատում է իր համար, իր ծրագրերի իրականացման համար: «Իսկ մնացածը, թե ով ինչ է ասում, որ կուսակցությունը որ տեղում է,  կարեւոր չեն: Մարդիկ գիշերը երազ են տեսնում, առավոտյան զարթնում եւ դա ճշմարտության տեղ ներկայացնում են»,- ասել է Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե շատերը առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի համար կանխատեսում են 8 տոկոսից ոչ ավելի, Ծառուկյանն արձագանքել է. «Նման բան ասողները ավելի լավ է գլուխները պատին խփեն, այդ մարդիկ անգամ իրենց տանը, իրենց կնոջ մոտ ձայն չունեն, ավելի լավ է սսկվեն»:

Նա նաեւ հերքել է լրատվամիջոցներով տարածված այն տեղեկությունը, թե իր վրա մահափորձ է կատարվել: «Նման բան չկա, ես չգիտեմ, թե ովքեր են նման տեղեկություններ տարածում եւ ինչու»,- ընդգծել է Ծառուկյանը: