Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից եւ ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին առաջարկվել է աջակցել Հայաստանի միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը եւ իրականացնել կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար կազմակերպության հետ ՀՀ անունից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման, ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ` բելգիական «ՔեյԲիՍի ԷնՎի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ անունից պայմանագրեր կնքելու գործընթացները։ Համապատասխան հանձնարարություններ են տրվել նաեւ ՀՀ առողջապահության եւ ՀՀ գիտության եւ կրթության նախարարներին։

Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում եւ պետբյուջեից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնել երկրի մի շարք կրթական, մշակույթի եւ մարզական շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման, կապիտալ շինարարության եւ նախագծահետազոտական աշխատանքների համար։