Հաայստանի նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական հեղինակավոր BBC գործակալության ռուսական ծառայությանը: BBC-ի թղթակից Գեբրիել Գեյթհաուսի հետ զրույցում Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին, կգնա՞ արդյոք Թուրքիա, թե՞ ոչ:
Սերժ Սարգսյան. Գիտեք… այդ հարցին կա երկու պատասխան: Պատասխան առաջին. Կգնամ ես, թե ոչ՝ էական չէ: Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք չկապել Թուրքիայի հետ մեր փոխհարաբերությունները ֆուտբոլային խաղին այցելելու հետ: Հասկանո՞ւմ եք: Ծայրահեղ դեպքում պատկերացնենք երկու տարբերակ: Ենթադրենք, մենք սառեցնում ենք մեր բանակցությունները Թուրքիայի հետ, եւ ես գնում եմ Թուրքիա, եւ երկրորդ տարբերակ՝ մենք շարունակում ենք բանակցությունները, բայց ես չեմ գնում: Ո՞րն է ավելի կարեւոր: Ուզում եմ ասել, որ եթե դուք տալիս եք ձեր հարցը Թուրքիայի հետ բանակցությունների համատեքստում եւ կարող ենք արդյոք մինչեւ հոկտեմբեր ինչ-որ արդյունքի հասնել, ահա այսպիսին կլինի իմ պատասխանը:
BBC. Իսկ ի՞նչ նշանի եք սպասում Անկարայից՝ բանակցությունները ապասառեցնելու համար:
Սերժ Սարգսյան. Ես երկու անգամ հայտարարել եմ այդ մասին, որ կգնամ Թուրքիա՝ դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումը, եթե մեր սահմանը բաց լինի, կամ եթե մենք լինենք դրա նախաշեմին: Այսինքն, եթե թուրքերը կատարեն մեր պայմանավորվածությունները, դա կլինի այլ բան, եթե չկատարեն, բոլորովին այլ: Մենք պայմանավորվածություններ ունենք: Եւ ես կարծում եմ՝ որ նորմալ, ճիշտ ճանապարհն այն է, որ կողմերը կատարեն իրենց պայմանավորվածությունները: Ցավոք, ես առայժմ չեմ տեսել մեծ ցանկություն կամ մղում կատարել այդ պայմանավորվածությունները: Մեր ցանկությունը նույնն է մնում՝ փոխհարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:
BBC. Պատրաստ եք արդյո՞ք զիջումների գնալ 1915թ. դեպքերի կապակցությամբ եւ այն բանում, կանվանի՞ դրանք Թուրքիան «ցեղասպանություն»:
Սերժ Սարգսյան. Իհարկե, դա շատ կարեւոր է: Կարեւոր է մեր ժողովրդի, կարեւոր է Թուրքիայի, կարեւոր է ողջ աշխարհի համար: Կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարեւոր է, որ մեր ժողովուրդները կարողանան նորմալ փոխհարաբերություններ հաստատել: Կարեւոր է, վերջապես, որ ապագայում դա այլեւս չկրկնվի: Բայց մենք ցեղասպանոթւայն ճանաչումը չենք դիտարկում որպես հարաբերությունների հաստատման նախապայման:
BBC. Այսինքն, փոխզիջման հնարավորություն կա՞:
Սերժ Սարգսյան. Ոչ, դա չի կարելի փոխզիջում անվանել: Սա այդ դեպքը չէ, երբ մենք կարող ենք խոսել փոխզիջման ամսին: Մենք ասում ենք՝ այո, եղել է ցեղասպանություն, եւ անկախ նրանից կճանաչի դա Թուրքիան այսօր, կա փաստը՝ ճանաչված աշխարհի ցեղասպանության գծով բազմաթիվ մասնագետների, աշխարհի շոտ ու շատ երկրների կողմից: Բայց արդի պայմաններում մենք դա չենք դիտարկում որպես թուրքերի հետ հարաբերությունների հաստատման նախապայման:
BBC. Բայց, միեւնույն է, այդ խնդիրը խանգարում է Թուրքիայի հետ ձեր հարաբերություններին: Մեկը, որի հետ ես Երեւանում ավելի վաղ խոսում էի, նման համեմատություն արեց, երբ դուք մեքենա եք վարում, պետք է վերահսկեք, թե ինչ է կատարվում ձեր ետեւում, եւ դրա համար ժամանակ առ ժամանակ նայեք հայելու մեջ: Բայց գլխավորը առջեւի ճանապարհն է Որքանո՞վ է այդ համեմատությունն արտացոլում իրականությունը:
Սերժ Սարգսյան. Ճիշտ է: Ես հասկանում եմ, թե ինչ է ցանկանում ասել այդ մարդը: Նա ասում է, որ մենք պետք է նայենք ապագային: Բայց նա նաեւ ասում է, որ մենք իրավունք չունենք մոռանալ անցյալը:




























