Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց պետական գույքի կառավարման 2011-13 թ.թ. ծրագիրը։ Դրանով նախատեսվում է լուծարել մի շարք պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, իսկ մի քանիսն էլ հանձնել համայքների տնօրինությանը։ Զարմանալիորեն՝ Ա. Մարկոսյանը չկարողացավ կառավարության նիստի ընթացքում պարզաբանել, թե ինչու է լուծարվում այս կամ այն հիմնարկը, կամ ինչու պետք է նվիրաբերվի այս կամ այն համայնքին։ Օրինակ՝ լուծարման է ներկայացվել Նոր Նորքի ուսանողական ավանը, իսկ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գտնվող հանրակացարանը (Արցախի 61 փողոց) նվիրաբերվելու է Երեւանի քաղաքապետարանին։
Վարչապետը հարց ուղղեց Ա. Մարկոսյանին, թե, արդյոք, Երեւանի քաղաքապետարանի հետ քննարկվե՞լ է սույն հարցը։ Պարզվեց՝ ոչ։ «Այդ դեպքում ինչո՞ւ եք նվիրում, գուցե իրենց պետք չէ»,- զարմացավ վարչապետը եւ էթիկայի տարրական կանոննների խախտում համարեց այն, որ առանց համայնքի հետ խորհրդակցելու նրան ինչ-որ բան են նվիրում։ Նմանապես՝ Ա. Մարկոսյանը ոչ մի կերպ չէր կարողանում պարզաբանել, թե ինչու է լուծարվելու Նոր Նորքի հանրակացարանը, որն, ի դեպ, պարտքեր չունի։ «Գուցե նվիրեիք Երեւանի՞ն»,- հեգնեց վարչապետը։



























