Այսօր` հոկտեմբերի 7-ին Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որտեղ ելույթ են ունեցել Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ֆրանսիական կողմից պատվիրակությունը գլխավորել է  Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպման ֆրանսիական հանձնախմբի նախագահ Հյուբեր-Ժյուլիեն Լաֆերիերը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130 հոգանոց պատվիրակություն, որը բաղկացած է Ազգային Ժողովի պատգամավորներից, Սենատի անդամներից  եւ Հայաստանի մարզերի ու քաղաքների հետ համագործակցություն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ղեկավարներից:

Համաժողովի մասնակիցներին ուղերձներ են հղել Ֆրանսիացի քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ ԱԳ նախարար Բեռնար Քուշները, որն ընթերցել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։

ՀՀ ԱԳ նախարարն ասել է. «Այսօր մեր հանդիպումը ինձ հետ է տանում մեկ այլ հոկտեմբեր` 2006 թ. հոկտեմբեր, երբ Ֆրանսիայի Սենատում մենք կազմակերպեցինք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը ի թիվս Հայաստանի տարվա շրջանակներում շուրջ 250 քաղաքներում անցկացված մոտ 1000 այլ միջոցառումների»: Նա նշել է, որ դեռեւս Հայաստանի անկախացումից տարիներ առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի երեք քաղաքների միջեւ քույրացման երեք պայմանագրեր են կնքվել, իսկ անկախությունից հետո նրանց թիվը սկսել է աճել, հասնելով շուրջ երեք տասնյակի։

Ըստ Նալբանդյանի, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափով ամեն տարի կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, առողջապահության եւ այլ բնագավառներում իրականցվում է շուրջ 50 ծրագիր: