Հայաստանի արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ծառայության ղեկավարության եւ Համաշխարհային բանկի Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի ներկայացուցիչների հանդիպումը:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը NEWS.am-ին հայտնել է, որ Հայաստանի Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ներկայացրել է ծառայության աշխատանքի ավտոմատացման գործում ներկա հաջողությունները եւ ապագա անելիքները: Մասնավորապես, ծրագրի գրասենյակի եւ ծառայության համատեղ ուժերով ավտոմատացվել է մի շարք գործառույթներ, որոնք բերել են ժամանակի եւ նյութական միջոցների խնայմանը, ինչը իր հերթին նպաստել է ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:       

Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի պետական հատվածի մասնագետ Կլաուս Դեքերը նշել է. «Շատ կարեւոր է, որ մենք լավ գործընկերներ ունենք ԴԱՀԿ ծառայությունում: Մեր միջնաժամկետ գնահատականը գերազանց է: Մասնավորապես, ենթակառուցվածքի եւ ՏՏ-գործիքների ներդրման եւ կիրառման առումով ԴԱՀԿ ծառայությունը առաջ է անցել շատ այլ գերատեսչություններից»: