Եվրոպական ռադիոհեռարձակման միությունը (ԵՌՄ) մտադիր չէ աչք փակել Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարություն կանչված ու հարցաքննված 43 քաղաքացիների վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների մեծ արձագանք ստացած գործողությունների վրա,- հաղորդում է հեղինակավոր The New York Times պարբերականը։ Հիշեցնենք, որ այդ մարդիկ իրենց ձայնը տվել են Մոսկվայում տեղի ունեցած «Եվրատեսիլ-2009» հեղինակավոր երգի մրցույթին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա և Անուշ Արշակյաններին։ Այդ կապակցությամբ ԵՌՄ-ն պատրաստվում է քննարկել այդ հարցը Օսլոյում սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը։

«Քվեարկության գաղտնիության որևէ խախտում կամ քվեարկածների հարցաքննությունը բացարձակ անընդունելի են»,- ասել է ԵՌՄ-ի գլխավոր տնօրեն Ժան Ռևելիոնը։ The New York Times-ը նշում է, որ Եվրատեսիլը ապաքաղաքական միջոցառում է։ Այն նախատեսում է տաղանդի հայտնաբերում արդար քվեարկության ճանապարհով, ընդ որում քվեարկողներին արգելվում է իրենց ձայնը տալ իրենց երկրի քաղաքացիներին։

Իր հերթին, Ադրբեջանի Ictimai հեռուստաընկերությունն անցած շաբաթ հայտարարել է, որ ԱԱՆ ոչ ոք չի կանչվել և չի հարցաքննվել։ Եվ եզրակացրել է, որ «հետևաբար լրատվամիջոցներում այդ կապակցությամբ արված բոլոր հայտարարությունները անհիմն են ու անտրամաբանական է շարունակել քննարկել այդ թեման»։

Ictimai հեռուստաընկերության եզրահանգումները շատ հետաքրքիր են։ Առկա է մախաթը տոպրակում պարտակելու փորձ։ Այդ աղաղակող պատմությանը արդեն վաղուց են անդրադարձել համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, իսկ ծուխ առանց կրակի, ինչպես հայտնի է, չի լինում։ Անդրադառնալով փիլիսոփայական այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են անհիմնավորությունն ու անտրամաբանությունը, անհրաժեշտ է արձանագրել այն փաստը, որ վերոհիշյալ հեռուստաընկերությունը հակասում է ինքն իրեն։ Ինչ անհիմն լինելու մասին կարող է խոսք լինել, եթե կա հարցաքննվածներից մի քանիսի հայտարարությունը։ Օրինակ՝ Ռովշան Նասիրլիի, որի՝ իր վրա գործադրված հոգեբանական ճնշման, ինչպես նաև ադրբեջանական հատուկ ծառայության կողմից «ազգային հպարտության» և «բարձր այլ նյութերի» մասին իր գլխին կարդացած «քարոզի» մասին խոսքերը մենք արդեն ներկայացրել ենք։ «Քարոզին» հաջորդել է արդեն տրամաբանության օրենքներին «լիովին ենթարկվող» հարցաքննությունը. «Եվ ինչպե՞ս ես դու կարողացել քո ձայնը տալ Հայաստանի ներկայացուցիչներին»։

Նախնադարյան վայրագության դրսևորումների նկատմամբ քսղաքակիրթ աշխարհի համարժեք հակազդեցության ֆոնին այդ հարցից գլուխ հանելու Ictimai հետուստաընկերության ուշացած պատրաստակամությունը թվում է որևէ տրամաբանությունից զուրկ։ Թեպետ, հավանաբար, ադրբեջանական հեռարձակողն ունի իր սեփական տեսլականը՝ մարդատյացության ու շովինիզմի երանգներ պարունակող տրամաբանության վերաբերյալ…

Իր հայտարարությամբ Ictimai հետուստաընկերությունը հստակորեն նշել է, որ իր համար լիովին ընդունելի է երկրի իշխանությունների տրամաբանությունը, որի նախադրյալներն են կողմնակալությունն ու հասկացությունների սպեկուլյացիան, որոնց իսկական նշանակությունը նա չգիտի։ Մյուս կողմից հեռուստաընկերությունը այդ իդեալներին է ավելացրել նաև կեղծիքը, ինչպես նաև փաստերը պարտակելու բացահայտ փորձը։