Իսրայելական Shurat Hadin իրավապաշտպան խումբը պաղեստինցիների հարձակումների զոհերի հարազատների անունից 1 մլրդ դոլարի հայց է ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամերիկյան դատարան ներկայացված հայցում իրավապաշտպանները պնդում են, որ սոցցանցի ղեկավարությունը «գիտակցաբար նյութական աջակցություն եւ ռեսուրսներ է տրամադրել ՀԱՄԱՍ-ին՝ թեթեւացնելով նոր անդամներ հավաքագրելու, հարձակումներ ծրագրելու եւ իրականացնելու՝ ահաբեկչական այդ խմբավորման գործը»:
Հայցում թվարկված հարձակումների բոլոր զոհերն ԱՄՆ քաղաքացիություն են ունեցել: ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայցը Facebook-ի շանտաժի ենթարկելու փորձ են կոչել:
Խմբավորման ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրայի խոսքով՝ իսրայելական որոշ քաղաքական գործիչներ եւ զինծառայողներ Facebook-ում եւ այլ սոցցանցերում «հպարտություն են արտահայտել պաղեստինցիների սպանությունների առիթով»:
Facebook-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանում հայցը:




























