Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վաղվա Հայաստան – Սլովակիա հանդիպումից առաջ այսօր` հոկտեմբերի 7-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպեց Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը: Սլովակները վեց միավոր վաստակած են եկել Երեւան եւ մտադիր են Հայաստանի մայրաքաղաքում ավելացնել միավորները:
«Ծանր պայքար եմ սպասում վաղվա խաղից: Մի քանի խաղ դիտել եմ Հայաստանի մասնակցությամբ: Մակեդոնիայում Հայաստանը երեք միավոր պետք է վաստակեր, գերազանց խաղ ցուցադրեց եւ վաղը երկու թիմերի համար էլ բարդ է լինելու: Թղթի վրա իհարկե Սլովակիան ֆավորիտ է, բայց պետք է խաղադաշտում դա ապացուցել»,- ասաց Վայսը:
Սլովակ մասնագետը նշեց, որ Հանրապետական ստադիոնի խաղադաշտը հիանալի վիճակում է եւ լավ ֆուտբոլ կարելի է ցուցադրել: Վայսն առաջին հերթին առանձնացրեց գնդակով բարձր արագության վրա աշխատելու հայ ֆուտբոլիստների որակները: Նա ընդգծեց Հենրիխ Մխիթարյանի եւ Էդգար Մանուչարյանի բարձր մակարդակը:
Ամփոփելով խոսքը, Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ Հայաստանի հետ խաղում նույնիսկ ոչ ոքի արդյունքը հիասթափություն չի լինի իր համար:





























