Իսրայելական խորհրդարանը երկար բանավեճերից հետո օրենք է հաստատել արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների վերաբերյալ: Իշխանությունները հայտնում են, որ օրինագիծն ընդունվել` Իսրայելի ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտություն թույլ չտալու համար: Ընդդիմությունը դրանում տեսնում է կառավարությանը քննադատող կազմակերպությունների աշխատանքի հերթական խոչընդոտը:
Օրինագծի ընդունման օգտին 57 պատգամավոր է քվեարկել, դեմ` 48, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրենքը ՀԿ-ներին, որոնց բյուջեն կեսից ավելի չափով ձեւավորվում է օտարերկրյա կառավարությունների նվիրատվությունների կամ հաստատությունների հաշվին, պարտավորեցնում է մանրամասն տեղեկություններ տրամադրել օտարերկրյա ֆինանսավորման աղբյուրի մասին, այն նշել բոլոր փաստաթղթերում եւ հրապարակումներում, ինչպես նաեւ համապատասխան նշում դնել իրենց վեբ-կայքում:
Անհրաժեշտ է «թույլ չտալ անհեթեթ իրավիճակներ, երբ օտարերկրյա պետությունները ՀԿ-ների ֆինանսավորման միջոցով միջամտում են Իսրայելի ներքին գործերին, իսկ իսրայելական հանրությունն այդ մասին նույնիսկ չի կասկածում», օրինագծի ընդունումը մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Օրինագծի հակառակորդներն ասում են, թե այն խտրական բնույթ է կրում: Ընդդիմադիր «Սիոնիստական ճամբարի» առաջնորդ Իսահակ Հերցոգը նոր օրենքը կոչել է «Իսրայելում ծաղկող ֆաշիզմի կոկոն»:
Օրենքում ուղղակիորեն չեն հիշատակվում ձախակողմյան ՀԿ-ները, այդ թվում նրանք, որոնք մասնագիտանում են պաղեստինցի բնակչությանը օգնություն տրամադրելու մեջ, բայց քանի որ դրանցից շատերը ֆինանսավորվում են արտասահմանից, օրենքը նախ եւ առաջ նրանց կվերաբերի:




























