Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներում գերիշխում է այն կարծիքը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է անպայման գա Թուրքիա, քանի որ Աբդուլահ Գյուլի Երեւան այցի ժամանակ նա ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերը այցելել Թուրքիա Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան խաղը դիտելու համար։ Ինչպես նաեւ անընդունելի են համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե կգնա Թուրքիա միայն բաց սահմանների դեպքում կամ ապաշրջափակման նախաշեմին՝ համարելով դա Հայաստանի կողմից նախապայման։ Թուրքական մամուլում գտնում են, որ Սերժ Սարգսյանը չպետք է նախապայման դնի Թուրքիա գալու համար, քանի որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը Հայաստան եկավ առանց նախապայմաններ դնելու։
NEWS.am-ի թղթակցի կողմից Թուրքիայում հասարակ քաղաքացիների շրջանում արված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի քաղաքացիները նույնպես պնդում են, որ Սերժ Սարգսյանը պետք է Թուրքիա այցելի առանց նախապայմաններ առաջարկելու։ Իսկ սահմանի բացման կողմանկիցները մեծամասնություն են կազմում հիմնականում Թուրքիայի արեւելյան հատվածում։ Մասնավորապես Կարսի նախկին քաղաքապետը բազմիցս դիմել էր Անկարային՝ Հայաստանի սահմանի բացման համար, ինչպես նաեւ կազմակերպել Կարսում ստորագրահավաք՝ Հայաստանի հետ սահմանի բացման օգտին եւ հավաքել մոտ 50 հազար ստորագրություն։ Համեմատության համար նշենք, որ Կարս քաղաքի բնակչությունը կազմում է 70 հազար։ Թուրքիայի կենտրոնական եւ արեւմտյան հատվածների բնակչությանը այնքան էլ չի հետաքրքրում հայ-թուրքական սահմանի բացումը։ Քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են, որ սահմանը բացվի, սակայն Ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո։
Գործակալության հարցերին պատասխանել են նաեւ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց կարծիքները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Թուրքիայում գործող հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի ավագ խմբագիր Սարգիս Սերոբյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահի այցը դժվար թե կայանա, քանի որ թուրքական կառավարությունը քայլեր չի ձեռնարկում հարաբերությունների լավացման ուղղությամբ։ «Թուրքիայի հայ բնակչությունը անշուշտ պիտի փափագեր Հայաստանի Հանրապետության նախագահի Թուրքիա այցելութունը, պարզապես երկու երկիրների, ավելի ճիշտ բացատրությամբ, երկու ժողովուրդների իրար հասկացողության եւ բարիդրացիության օգտակարության իմաստով»,- թղթակցի հետ զրույցում նշեց Սերոբյանը՝ միաժամանակ հավելելով. «Սարգսյանի հայտնությամբ, սակայն, հայտնի է, թե չի այցելելու, քանի որ Թուրքիայի կառավարությունը դեռեւս նպատակ չունի փակ սահմանադռները բացելու, կամ գոնե նման քայլ անելու»։
«Haberturk Daily Newspaper» օրաթերթի պատասխանատու խմբագիր Դողան Սաթմիշը Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա այցը համարում է լուրջ շանս։ «Այնպիսի շանս, ինչպիսին էր Թուրքիայի նախագահի այցը Հայաստան։ Նախատեսվող այցը երկխոսության առիթ կհանդիսանա, որն էլ կհանգեցնի հարաբերությունների ջերմացման»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Սաթմիշը եւ հավելեց, թե անգամ հակասական կարծիքների դեպքում երկխոսությունը կօգնի վերացնել այն անջրպետը, որ կա մարդկանց միջեւ։
Ըստ թուրք խմբագրի՝ մեր դեպքում «պատերի կառուցումը մեր միջեւ չի օգնի»։ «Արգելքների չեզոքացման դեպքում շփումը հեշտանում է։ Մեր հայ գործընկերներն էլ հակված են հարցը դիտարկել այդ ուղղությամբ։ Նախագահի այցի դեպքում իրավիճակը կքննարկվի»,- նշեց Սաթմիշն ու հավելեց. «Եթե Սարգսյանը չգա, իրավիճակում որեւէ փոփոխություն չի լինի։ Որեւէ մեկը հարցը չի բարձրացնի քննարկման, եւ դա չի օգնի կողմերից որեւէ մեկին»։




























