ՆԱՏՕ-ի Վարշավայում կայացած գագաթաժողովը լուծեց Բալթյան երկրներում եւ Լեհաստանում մշտական հիմունքներով զինված ուժեր տեղակայելու հարցը, ինչը մինչ այդ չկար, դրանով այդ երկրները դառնում են ՆԱՏՕ-ի լիարժեք  անդամ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջնային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովում լուծվեցին մի քանի խնդիրներ. Նախ ՆԱՏՕ-ն մշտական հիմունքներով զինված ուժեր է տեղակայում Բալթյան երկրներում եւ Լեհաստանում, ինչը մինչ այդ չկար: Այդ երկրները դառնում են ՆԱՏՕ-ի լիարժեք  անդամ: Այն բանավոր վետոն, որ Ռուսաստանն ուներ այդ հարցում, որ ՆԱՏՕ-ի ուժային կառույցները չեն տեղափոխվելու այն երկրներ, որոնք սահմանակից են Ռուսաստանին, փաստորեն հաղթահարվեց: Երկրորդ, հստակ ֆիքսվեց, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, նաեւ հստակ ասվեց, որ Ուկրաինայի հետ լուրջ համագործակցություն կլինի»,-ասաց նա:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ որոշումներ կայացվեցին չլսելով Ռուսաստանի դիրքորոշումը. «Պատահական չէ, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպում նախատեսված է արդեն վարշավյան գագաթաժողովից հետո, երբ արդեն որոշումները կայացված են»:

Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ այդ գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթի 139 կետերից 15-16-ը նվիրված են Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքին:

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն կարծում է, որ չափազանցված է տեսակետը, թե ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովը պատմական էր: «Այս գագաթաժողովը նման է երկու տարի առաջ Ուելսում տեղի ունեցած գագաթաժողովին, ոչ մի պատմական բան էլ տեղի չունեցավ: Վրաստանի անդամակցության մասին ասվել է, որ ՆԱՏՕ-ի անդամ կարող է դառնալ ցանկացած երկիր, որը համապատասխանում է այդ կազմակերպության չանփանիշներին: Վրաստանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ դեռեւս տասնյակ տարիներ: Իսկ այն գումարտակները, որ կտեղակայվեն Բալթյան երկրներում եւ Լեհաստանում, մեղմ ասած այն չեն, ինչ ուզում էին Բալթյան երկրները: Նրանք ակնհայտորեն իսկական ռազամբազաներ էին ուզում, որը տեղի չունեցավ»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է համագործակցեն Մինսկյան համաձայնությունների եւ Աֆղանաստանի հարցի շուրջը. «ՆԱՏՕ-ին պետք է Ռուսաստանը եւ կփորձեն համագործակցության շուրջ ընդհանուր հայտարարի գալ: Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի սառը պատերազմը լրագրողների համար է, չի կարող նման բան լինել»: