Ցուցարարների խումբը Տրիպոլիում հարձակվել է Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) վրա: Sky News Arabia հեռուստաալիքը հայտնում է, որ անկարգությունների շրջանում հրաձգության ձայներ են լսվում:

Բացի այդ, մայրաքաղաքում էլեկտրականության անջատման դեմ բողոքող ցուցարարների հարձակմանն են ենթարկվել նաեւ երկրի խոշորագույն բջջային օպերատոր  Libyana-ի եւ ինտերնետ ծառայությունների գլխավոր մատակարար Libya Telecom & Technology-ի գրասենյակները: Միաժամանակ, լրատվական  Al-Wasat պորտալը հայտնում է, որ գրոհողները զինված էին եւ անկանոն կրակ են բացել: 

Գործարար Ֆաիզ Սարաջի ղեկավարությամբ ԱՀԿ-ի ձեւավորման մասին հայտարարվել էր փետրվարի   14-ին Մարոկկոյի Սխիրաթ քաղաքում (Ռաբաթի մոտակայքում): Այդ կառավարության, ինչպես նաեւ անցումային ժամանակաշրջանի նախագահական խորհրդի ստեղծումը, որը պետք է ավարտվի խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, նախատեսված է Լիբիական քաղաքական համաձայնագրով, որը ստորագրվել է Սխիրաթում` 2015-ի դեկտեմբերի  17-ին:

Նոր կառավարության անդամները, որի մեջ 18 նախարար է մտել (ներառյալ պետնախարարները), մայրաքաղաք են ժամանել մարտի 30-ին եւ տեղավորվել են այն ժամանակ ՌԾՈՒ-ի բազայում:  Վերջերս նրանք տեղափոխվել են կառավարության շենք:   Միաժամանակ, ԱՀԿ-ն մինչ այժմ չի ստացել երկրի արեւելքում գործող Ներկայացուցիչների պալատի աջակցությունը (ընտրված մշտական խորհրդարանը) ինչպես օրենսդիր իշխանության ներսում, այնպես էլ Լիբիայի արեւմուտքում իշխանությունների հետ սուր տարաձայնությունների պատճառով: Փետրվարի վերջին Սարաջի կառավարությունը պատգամավորների միայն կեսի աջակցությունն է ստացել, հայտնում է ՏԱՍՍ-ը: