Ռազմագերիների եւ դիակների փոխանակման հարցերով զբաղվում է Կարմիր խաչի կազմակերպությունը, մինչդեռ Ադրբեջանը, որը ցանկացած հարց փորձում է միջազգայնացնել, իր դիվերսանտների դիակների վերադարձի հարցը բարձրացրել է ԵԽԽՎ-ում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում այս մասին հայտարարեց «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը՝ խոսելով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւայի հեղինակած «Ադրբեջանցի զինծառայողների դիակների վերադարձի կարեւորությունը» անունը կրող փաստաթղթի մասին։
«Անգամ ամենամեծ ախոյանները Կարմիր խաչի միջոցով միշտ էլ կարողացել են ռազմագերիների եւ դիակների փոխանակություն իրականացնել։ Նման պրակտիկա կա նույնիսկ «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ռազմագերիների փոխանակման պարագայում։ Այնպես որ,Ադրբեջանի կողմից բոլորովին անհիմն փորձ է միջազգայնացնել նմանօրինակ հարցը։ ԵԽԽՎ-ն, ավելի կարեւոր գործերը թողած, պետք է սկսի նման հարցո՞վ զբաղվել»,- հարց հնչեցրեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ «սա միջազգային կառույցների ուշադրությունը, որպես զոհ, իր վրա սեւեռելու ադրբեջանական փորձ է»:
«Ադրբեջանը զոհի կարգավիճակով ներկայանալու համար անում է ամեն բան, մինչդեռ այնտեղ օրերս մեր հովիվին սպանեցին»,- հիշեցրեց Համլետ Հարությունյանը։ Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ի պատասխան ադրբեջանական նախաձեռնության՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հանդես կգա հայազգի մոլորված եւ Ադրբեջանում կասկածելի հանգամանքներում մահացած հովիվ Մանվել Սարիբեկյանի դին վերադարձնելու նախաձեռնությամբ, ՀՀԿ պատգամավորը նշեց. «Իհարկե, Ադրբեջանի նման պահվածքին մեր պատվիրակությունը համարժեք պատասխան կտա՝ բարձրացնելով այդ հարցը»:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում փաստաթուղթ է ընդունվել, որը կոչ է անում Հայաստանին Ադրբեջանին վերադարձնել իր երկու սպանված դիվերսանտների մարմինները: «Ադրբեջանցի զինծառայողների դիակների վերադարձի կարեւորությունը» անունը կրող փաստաթուղթը կազմված է որպես նամակ: Այն պատրաստել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւան, ով Հայաստանի իշխանություններից պահանջում է հետ վերադարձնել հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Ղարաբաղի տարածք թափանցած, հայազգի 5 զինվորի սպանած եւ 4-ին վիրավորած ադրբեջանցի Մուբարիզ Իբրահիմովի եւ սեպտեմբերի 4-ին զոհված Ֆարիդ Ահմեդովի մարմինները:




























