Մոսկվայի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը՝ Վիկտորն, իր քրոջը մեղադրել է հանցավոր գործունեության մեջ։ Արդարության հասնելու իր ուշացած ակտիվությունը նա բացատրել է պարզունակ փաստով. մինչեւ Լուժկովի պաշտոնանկությունը իրեն «չէր հաջողվի ճշմարտության հասնել»։

Գործարար Վիկտոր Բատուրինը հոկտեմբերի 4-ին (Լուժկովի պաշտոնանակ լինելուց հետո) Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին հայտարարություն է ուղարկել, որով խնդրել է «մանրակրկիտ կերպով ստուգում իրականացնել քրոջ հանցավոր գործունեության փաստերի առթիվ»։

Ելենա Բատուրինան «Ինտեկո» ՓԲԸ-ի սեփականատերն է։ Հայտարարության մեջ Վիկտոր Բատուրինը հաստատել է, որ բիզնեսը կիսելու համար «ինքը ստիպված է եղել խաղաղ դաշն կնքել» քրոջ հետ, քանի որ «նրա հետ վեճերում ոչ ոք արդարության չէր կարող հասնել»։ Արդյունքում Վիկտոր Բատուրինը քրոջը մեղադրում է ««Ինտեկո» ՓԲԸ-ի 24 տոկոսի ապօրինի յուրացման եւ իրեն 3,5 մլրդ ռուբլու չափով աշխատավարձ չվճարելու մեջ»,- գրում է «Կոմերսանտը»։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան «Կոմերսանտին» հայտնել են, որ դեռեւս ոչինչ չգիտեն Վիկտոր Բատուրինի դիմումի մասին։ «Ինտեկո» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից էլ ասել են, որ «գժի զառանցանքները մեկնաբանելու կարիք չկա»։