«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Նախորդ օրը մենք եւս մեկ «գոլ ընդունեցինք մեր դապասը»: Գանիրա Փաշաեւայի նախաձեռնությամբ եւ 22 ստորագրությամբ ԵԽԽՎ-ում հայտարարություն տարածվեց, որում կոչ է արվում Հայաստանին` վերադարձնել սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակները: Երեկ մեր պատվիրակությունը պատասխան գնդակ խփեց՝ 25 ստորագրությամբ հրապարակելով հայտարարություն՝ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի կապակցությամբ: Թեեւ մարտի ժամանակ սպանված զինծառայողների դիակները չվերադարձնելն ու գերության մեջ մարդ սպանելը նույն բանը չեն (երկրորդը, բոլոր չափանիշներով, արտառոց երեւույթ է), ԵԽԽՎ-ի տեսանկյունից դրանք ընդամենը երկու հայտարարություններ են, թղթի երկու կտորներ:
Սակայն բացի այս հայտարարություններից, ԵԽԽՎ-ում տարածվել է մեզ վերաբերող եւս մեկը: Խոսքը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթի մասին է, ըստ որի՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը խոչընդոտում է բազմակարծությունը եւ սահմանափակում է ինֆորմացիայի ազատությունը Հայաստանում:
Թեեւ այս փաստաթուղթը ակնհայտորեն մեր իշխանությունների սրտով չէ, նրանք կփորձեն ձեւ անել կամ արդեն իսկ ձեւ են անում՝ իբր այդ մտահոգությունը կիսում են եւ մոտակա ամիսներին ձեռնարկելու են «օրենքը բարեփոխելու» իմիտացիա»:



























