Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 8-ին ընդունել է ֆրանսիական Ռոն- Ալպ ռեգիոնի պատվիրակությանը`  շրջանային խորհրդի փոխնախագահ տկն Վերոնիկ Մորեյրայի գլխավորությամբ:

Ռոն- Ալպ ռեգիոնը գործակցում է Հայաստանի մի շարք համայնքների հետ, եւ փոխվարչապետը բարձր է գնահատել ձեւավորված համագործակցությունը: Վ. Մորեյրան փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանի հետ գործակցության սկզբունքները` նշելով, որ մտադիր են համախմբել Ռոն- Ալպ ռեգիոնում տարբեր համայնքների եւ տարբեր ասոցիացիաների կողմից Հայաստանի հետ համագործակցության բոլոր նախաձեռնությունները եւ դրանց առավել համակարգված բնույթ հաղորդել: Որպես գործակցության ուղղություններ նշվել են տնտեսական, գյուղական զարգացման եւ զբոսաշրջության ոլորտները:  

Ա. Գեւորգյանը ողջունել է նման մտադրությունը` ավելացնելով, որ վերոնշյալ ուղղությունները համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած` տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը:

Հյուրերը գոհունակություն են հայտնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի աշխատանքներից եւ քննարկված թեմաներից`  նշելով, որ հետագա հանդիպումների ընթացքում  հնարավոր կլինի շարունակաբար քննարկել գործակցության ուղղությունները: