Իրանի իշխանություններն արգելել են իրանական ավիաընկերություններին գնել կամ վարձել 15 տարուց ավելի շահագործված ինքնաթիռներ:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարության անդամ Մոհամադ Ռըզա Կազեմպուրը «Ֆարս» գործակալությանը հայտնել է, թե սահմանափակումները վերաբերում են բոլոր տիպերի ինքնաթիռներին, ներառյալ մարդատար օդանավերը: Իրանցի պաշտոնյան հայտնել է նաեւ, որ ներկայում Իրանը 5 նոր ՏՈՒ-204 ինքնաթիռներ է սպասում Ռուսաստանից: Դրանք գնել է «Իրան Էյր Տուր» ավիաընկերությունը:
Հիշեցնենք, որ միայն հուլիս ամսին Իրանում երկու ողբերգություն է տեղի ունեցել: Առաջին խոշոր ավիավթարը տեղի էր ունեցել հուլիսի 15-ին, երբ Թեհրանից Երեւան թռչող Տու-154 օդանավը թռիչքից մի քանի րոպե անց վայր էր ընկել: Աղետի հետեւանքով զոհվել էին 168 մարդ, որոնցից 35-ը՝ հայեր: Դրանից 10 օր անց վթարային վայրեջք կատարելիս Մեշհեդ քաղաքի օդակայանում վթարվել էր Aria Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել էին 16 եւ վիրավորվել 21 մարդ:



















